ՀԱՅԵԱՑՔ – Հայերն ու Ցեղասպանութիւնը՝ մի անգլիացու հայեացքից

2009 թւականի ապրիլ-մայիսին Թբիլիսի մեկնելուս նախապատրաստական գործերն էի անում: Սովորական օր էր ու ինձ համար որեւէ յատկանշական բան չունէր: Մի քանի շաբաթ անց, երբ օդանաւակայանում էի, նկատեցի, որ օդանաւը կարճ կանգառ ունի Երեւանում, մի քաղաք, որի մասին ոչինչ չէի լսել: Ստիպւած էի քարտէզում փնտրել այդ անունը:

alt

Մինչեւ Վրաստան գնալս՝ ես արդէն հասցրել էի լինել նախկին Արեւելեան բլոկի մի քանի երկրներում՝ Բոսնիա, Կոզովօ, Ռումինիա, ինչպէս նաեւ՝ յետխորհրդային մի քանի հանրապետութիւններում՝ Մոլդովա, Ուկրայինա, Բելոռուսիա: Միշտ միայնակ էի ճամբորդում, ու ամէն անգամ նոր տեղ այցելելուց յետոյ, էլ երբեւէ չեմ վերադառնում: Հայաստանի գոյութեան մասին իմանալուց յետոյ՝ որոշեցի, որ յաջորդ ճամբորդութիւնս դէպի Հայաստան է լինելու:

Չնայած այնտեղ էի որպէս զբօսաշրջիկ՝ ինձ համար աւելի հաճելի էր փողոցում շրջելը: Մարդիկ ու նրանց պատմութիւններն աւելի հետաքրքրական էին, քան «Տեսարժան վայրեր» կոչւող գրքոյկը: Առաջին այցելութեան ժամանակ Հայաստանի անկախութեան օրն էր ու ես միացայ բանակի վետերաններին, ովքեր քաղաքի կենտրոնից քայլեցին դէպի Եռաբլուր՝ յարգելու Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի յիշատակը: Մռայլ ու տխուր առիթ էր: Շատ էի տպաւորւել ու չէի կարող չյիշել 1990-ականների սկզբում հեռուստատեսութեամբ ցուցադրւող տեսարանները: Յաջորդ օրը որոշեցի քայլել դէպի Ցեղասպանութեան յուշահամալիր: Հայոց Ցեղասպանութիւնը անգլիական դպրոցներում չի դասաւանդւում ու այդ պատճառով էլ՝ գիտելիքներս շատ սահմանափակ էին: Լուսանկարները դիտելը, գրութիւններն ընթերցելը եւ ձայնագրութիւնները լսելը ճնշող էին: Բառերը չեն կարող նկարագրել ապրումներս: Ամաչում էի, որ այս ողբերգութեան մասին ես ոչինչ չեմ իմացել: Դրսում քայլեցի յուշատախտակների պարտէզով՝ փնտրելով «Մեծ Բրիտանիայի ժողովրդի կողմից» ցուցատախտակը, որպէսզի լուսանկարեմ այն: Քիչ անց կանգ առայ, քանի որ չէի գտնում ու մտածեցի՝ երեւի վրիպել է աչքիցս: Աւելին՝ իմացայ, որ նման յուշատախտակ գոյութիւն չունի:

Ամբողջ մէկ շաբաթւայ ընթացքում բազմիցս տեսել էի Արարատի պատկերը՝ գրքերի, հագուստների, պաստառների վրայ, բայց մօտկից այն չէի տեսել: «Մի գուցէ հեռու է,- մտածում էի, սխալ կողմ եմ նայում կամ եղանակը յարմար չէ: Վերջին օրը դէպի Մայր Հայաստան տանող զառիվեր ճանապարհին աւտոմեքենաների տակ ընկնելուց խոյս տալուց յետոյ՝ հասայ տափարակ մի տարածք, որտեղ կարող էի շունչ առնել: Նայեցի դէպի արեւմուտք, ամպերը բաժանւել էին իրարից եւ հէնց այնտեղ աչքիս առաջ խոյացել էր հրաշագեղ Արարատը. զգացումները խեղդող էին:

Առաջին այցելութիւնս տպաւորիչ էր. մի քանի պատճառներով ես ստիպւած եղայ վերադառնալ: Կարծես ինչ-որ բան կիսատ էի թողել: Ուզում էի նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել:

Դա յաջողւեց 2012 թւականի մայիսին: Դրանից յետոյ՝ ես Հայաստան ու Արցախ եմ այցելում տարին երկու անգամ, ինչի շնորհիւ՝ աւելի լաւ պատկերացում ունեմ մշակոյթի, մարդկանց, լեզւի ու քաղաքական հարցերի մասին (յօդւածներ եմ գրում ու լուսանկարներ եմ տեղադրում իմ կայքէջում http://www.Artsakh.Org.UK): Երջանիկ եմ, որ հիմա բազմաթիւ հայերի եմ ճանաչում, որոնց համարում եմ իմ լաւագոյն ընկերները: Այն ջերմութիւնը, որ ցուցաբերւել է իմ նկատմամբ, ինձ աւելի է մօտեցրել ամէն ինչի եւ կարծես պարտաւորեցրել է ինձ:

Հայ լինելը տարօրինակ վիճակ է, որն ինձ հետաքրքրել է առաջին իսկ օրերից: Դա շատ անսովոր է ինձ նման խայտաբղէտ հասարակութիւնից եկածի համար: Աշխարհի հայերի ընդհանուր ծագումը միասնականութեան մի իւրայատուկ բնորոշում է տալիս իրարից մասնատւած այս ազգին, ովքեր կիսում են Հայոց Ցեղասպանութեան ողբերգութիւնը:

Անգլիայում հայկական համայնքից ու մասնագէտներից բացի՝ կարծում եմ, որ որեւէ մէկը չգիտի Հայոց Ցեղասպանութեան մասին, երբ հրէական Հոլոկոստի մասին չիմանալը կարող է տարօրինակ թւալ: Սա դատապարտելի է մեր կրթական համակարգում, բայց նաեւ սպասելի՝ մի երկրում, որը չի ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը:

Շատ եմ լսել, երբ մարդիկ պնդում են, որ հայերը պէտք է դէպի ապագան նայեն եւ ոչ՝ անցեալը եւ մի կողմ թողնեն Ցեղասպանութիւնը: Այն անարգալից լինելուց բացի՝ ցոյց է տալիս մարդկային բնութագրի մասին թիւրըմբռնումը եւ անարդարութիւնը, հէնց այնպէս, ինչպէս մարդիկ չեն կարող հանգստանալ, մինչեւ հողին չեն յանձնել իրենց մահացած մերձաւորներին, ազգերն էլ նոյն պահանջն ունեն: Նացիստական յանցագործների յետպատերազմեան դատավարութիւնը եւ հրէական Հոլոկոստի համաշխարհային ճանաչումը վերջիններիս համեմատական խաղաղութիւն է պարգեւում՝ հարցը փակելու եւ արդարութիւնը վերականգնելու առումով: Հայերը ամբողջովին տարբեր են, եւ քաղաքական նպատակայարմարութիւնը կարծես թէ գերիշխում է միլիոնաւոր մարդկանց ճակատագրին: Սա երկարաժամկէտ լուծում չէ: Վախենում եմ, որ դիւանագիտական անտարբերութիւնը նոյնպէս ազդեցիկ է յատկապէս Լեռնային Ղարաբաղը որպէս անկախ պետութիւն ճանաչելու հարցում: Ի վերջոյ, ինչ- որ մէկը պէտք է ոտք առաջ դնի ու հայ ժողովրդին խաղաղութիւն բերի ու օգնի, որպէսզի նրանք սեւեռւեն ապագայի վրայ: Այն ժամանակ չէի հասկանում, թէ ինչու, բայց հիմա գիտեմ, որ Արարատը՝ հայերի խորհրդանիշը, որն այսօրւայ Թուրքիայում է, յիշեցնում է մէկ բան՝ մէկուկէս միլիոն հայերի կոտորածը: Հիմա եմ հասկանում, թէ ինչու այն օրը այդքան լաց եղայ:

Advertisements


Categories: Armenian Genocide

Tags: , , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: