Աղդամ. Սա Հիրոսիման չէ (Արցախ, Լեռնային Ղարաբաղ)

Many thanks to www.nairitranslationservices.co.uk for translating my original article “Aghdam: This is no Hiroshima. (Artsakh/Nagorno-Karabakh)” into Armenian.

Մինչև 1991 թվականը Աղդամը խոշոր ադրբեջանական քաղաք էր և հարում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) աղեղաձև  սահմանագծին: Մոտ 50.000-անոց բնակչությամբ քաղաքն ուներ արդյունաբերական ձեռնարկություններ և օդանավակայան, որը, գտնվելով Ստեփանակերտից 25 կմ հեռավորության վրա, սպասարկում էր նաև Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Խաղաղ ժամանակներում բարենպաստ այս դիրքը դարձավ «հարված թիկունքից», երբ ակտիվացան բախումներն ու բռնկվեց պատերազմը:

Երկաթգծի և տարանցիկ օդային փոխադրումների առկայության շնորհիվ Աղդամը դարձել էր նշանակալի ռազմակայան՝ մոտ գտնվելով Լեռնային Ղարաբաղի կենտրոնին: Նախքան 1992 թ. գարունը Ադրբեջանն արդեն վերահսկում էր այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք էին Խոջալուն և Շուշին: Վերջիններս գտնվում էին ԼՂԻՄ-ի իրական տարածքում (և շատ մոտ Ստեփանակերտին), որտեղից էլ սկսվեցին ԳՌԱԴ (ռուս.՝ РСЗО) ռմբակոծություններն ու ռազմական գործողությունները: Այս դիրքերի անկումից հետո Աղդամը միակ խոշոր ադրբեջանական ռազմակայանն էր, որի բավականաչափ մոտ դիրքը թույլ էր տալիս հասցնելու զգալի ավերածություններ: 1992 թ. կեսերից ադրբեջանցիները կենտրոնացրին իրենց զորքերը Աղդամի տարածքում` այստեղից արձակելով ԳՌԱԴ հրթիռներ և իրականացնելով ռմբակոծություններ:

Հետագա 12 ամիսներին Ստեփանակերտի և շրջակա գյուղերի երկարատև պաշարումն իրականացվում էր Աղդամի տարածքից, և կարճաժամկետ հեռանկարում ԼՂ ուժերը քիչ բան կարող էին անել՝ ստեղծված  իրավիճակին վերջ դնելու համար: Սակայն, ղարաբաղյան ուժերն իրենց հերթին նույնպես մարտավարություններ էին մշակում՝ Շուշին և Խոջալուն ազատագրելու նպատակով: Շուտով մշակվեց նախագիծ՝ չեզոքացնելու Աղդամի տարածքում ընթացող ռազմական գործողություններն ու դադարեցնելու շարունակական հարձակումները: 1993 թ. ռազմական տեսանկյունից իրավիճակը բարենպաստ էր ղարաբաղյան կողմի համար՝ Աղդամում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դեմ հարձակումներ սկսելու համար, իսկ վերջնանպատակն ավելի քան ակնհայտ էր. վերացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա իրականացվող հարձակումների աղբյուրը, ինչին հնարավոր եղավ հասնել մինչև 1993 թ. հուլիսի 23-ը:

Շատերն էին գրում, որ չեն հասկանում Աղդամում կատարված գործողությունների արդարացումները: Եթե նրանք ապրած լինեին Ստեփանակերտում մինչև վերջինիս անկումը, ապա կհասկանային իրական պատճառները, որոնք բացառապես ռազմական էին: Դրանք ազգայնամոլական, ծավալապաշտական քաղաքականության արդյունք չէին՝ հիմնված դարավոր գաղտնի մշակութային տագնապների վրա: Գործողությունների նպատակն էր ստիպել ադրբեջանցիներին դադարեցնել ռմբակոծություններն իրենց ընտանիքների վրա:

Այդ օրերին Ադրբեջանը խորասուզված էր քաղաքական խառնակչությունների մեջ, և ինչպես Թոմաս Գոլցն է նշում իր «Ադրբեջանի օրագիր» գրքի մեջ.

«… Սուրաթ Հուսսեյնովի վարչապետ նշանակվելուց հետո նրանք (Աղդամի բնակիչները)  օգնություն էին խնդրում նոր կառավարությունից, սակայն, շաբաթներ շարունակ արձագանք չկար: Ասես նոր կառավարությունը ցանկանում էր, որ քաղաքը պարտության մատնվի, որպեսզի այդ հարցում մեղադրեր նախորդ կառավարությանը» (էջ 393):

«… 1993 թվականի ամռանից հետո Աղդամը յուրահատուկ տեղ գտավ Ադրբեջանի աղետների տարեգրքում: Այն ամբողջովին լքված էր»:

Ավելին, Աղդամում ապրող մի երիտասարդի հետ խոսելիս վերջինս «… դառնորեն բողոքել է՝ նշելով, որ կառավարությունը որևէ օգնություն չի տրամադրում, ապա կրկնել է այն տարածված մեղադրանքը, թե իբր Բաքուն իրականում ցանկանում է Աղդամը հանձնել հայերին՝ որպես Էլչիբեյի (ադրբեջանցի) կառավարության անկարողության «ապացույց»»: (էջ 397):

Ըստ հիմնական փաստերի՝ ողջ մնացածները փախել են Ադրբեջանի այլ տարածքներ, թեպետ, անկասկած, շատերը սպանվել են ղարաբաղցիների և ադրբեջանցիների միջև ընթացող կռիվներում: Սպանվածների թվաքանակի վերաբերյալ չկա որևէ հավաստի տեղեկություն, սակայն, ինձ թվում է, որ եթե այդ թիվը զգալի լիներ, ադրբեջանիցները չէին խուսափի հրապարակել այս փաստը: Մնում է միայն ենթադրել, որ այդ թիվը հասել էր մի քանի հարյուրի:

1993 թ. կռիվները զգալի կառուցվածքային վնասներ հասցրին: Հետագա 20 տարիներին սկսվեց լքված շինությունների բնական քայքայումը, իսկ տեղի բնակիչները սկսեցին օգտագործել շինանյութերը սեփական նպատակների համար: Այսօր այստեղ կարելի է տեսնել ավերակ քաղաք, որը գրեթե նման չէ նախքան 1993 թ. գոյություն ունեցող քաղաքին: Այն գտնվում է պաշտպանական գոտում՝ մոտ առաջնային գծին, և ունի անորոշ ապագա:

Վերջին 20 տարիների ընթացքում Աղդամի մասին խոսելիս կիրառվում է «Կովկասի Հերոսիմա» տերմինը, որն օգտագործվել է նաև Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի նախաբանում: Կանգուն մնացած մզկիթի մինարեթներից մեկին կանգնած «աչքերս հառել էի ներքևում ձգվող փոքրիկ Հերոսիմայի վրա»:

Աղդամի և Հիրոսիմայի միջև որևէ առնչություն գոյություն չունի: Աղդամում չեն եղել միջուկային ռմբակոծություններ, մշտական ճառագայթում կամ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների մահեր: Հերոսիմայի ռմբակոծման նպատակն էր ավերել քաղաքը, և սա պաշտպանական քայլ չէր: Ամերիկացիները չեն ենթարկվել ամենօրյա հարձակումների Հերոսիմայի կողմից: Աղդամից կատարվող հարձակումները դադարեցնելու գործողությունները հետապնդում էին հստակ, ակնհայտ և հասկանալի նպատակ: Սակայն 16 կիլոտոննա կշռող միջուկային ռումբի արձակումը խոշոր ճապոնական քաղաքի վրա և 100.000 մարդու սպանությունը, նման նպատակ չէր հետապնդում:

Հիրոսիմայի հետ համեմատությունը, ասես, սենսացիա առաջացնելու զվարճալի փորձ լինի. իբրև թե Աղդամում հետ-ապոկալիպտիկ իրավիճակ է, և միջուկային պայթյունի հետևանքով վերջինիս կործանումը ևս տեղի է ունեցել մի քանի վայրկյանների ընթացքում: Ինչո՞ւ է քաղաքը կործանվել, ո՞վ է այն կործանել. սրանք վիճելի հարցադրումներ են, այնուհանդերձ, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն չպետք է մոռանան երկրորդ աշխարհամարտի ընթացքում խոշոր գերմանական քաղաքների համընդհանուր բնաջնջումը, այդ թվում՝ Դրեսդեն քաղաքի հիմնահատակ ավերումն ու տասնյակ հազարավոր մարդկանց մահերը, ինչպես նաև Հյուսիային Վիետնամի «գորգային ռմբակոծությունը» 1960-ականների վերջին:

Արդեն 1993 թ. Աղդամի տարածքի զգալի մասը հաջողությամբ դարձել էր ռազմական կայան, հետևաբար, օրինական թիրախ: Ադրբեջանցիները դեռ Խոջալուում օգտագործել էին խաղաղ բնակիչներին իբրև միջնորդող «ռազմական վահան», և այժմ կրկնում էին այդ նույն մարտավարությունը Աղդամում:

Երբ նայում ես Աղդամի մասին պատմող հին ֆիլմերը, տեսնում քաղաքի աշխուժությունը նախքան պատերազմը և համեմատում այն ներկայիս ավերակ տեսարանի հետ, տարօրինակ զգացում է առաջանում՝ անհամեմատելի կորուստի զգացում:

Եթե հնարավորություն ունենայի լինելու Ստեփանակերտում 1993 թ. վերջին՝ շրջապատված ավերակներով, տանջահար մարդկանցով և խեղված կյանքերով, ապա ինձ կանհանգստացներ միայն ներկան: Ես շնորհակալ կլինեի, որ ռմբակոծությունները վերջապես դադարել են: Այդ օրերին ավերված քաղաքները զգալի թիվ էին կազմում, սակայն այդ ժամանակից ի վեր Ստեփանակերտը վերակենդանացել է: Այժմ մարդիկ կարող են մտածել  ապագայի մասին: Աղդամը պարփակված է անցյալում և քայքայվելով վերադառնում է դեպի իրեն ծնունդ տված բնություն: Եթե ադրբեջանցիները հաշտվեին Ղարաբաղի հայերի՝ 1998թ. Ղարաբաղը որպես Հայաստանի մաս տեսնելու ցանկության հետ, ապա այսօր Աղդամը կլիներ ծաղկուն և աշխույժ քաղաք 50.000 բնակչությամբ: Փոխարենը այն այսօր կանգնած է որպես տխրահռչակ հուշարձան՝ հիշեցնելով ավելի քան 20 տարի առաջվա ադրբեջանական կառավարության ծայրահեղ անմտությունները, որոնք հանգեցրին բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների:

Advertisements


Categories: Արցախ, War and its Legacy

Tags: , , , , , , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: